FCB

FC Barcelona

Իսպանիա vs Իտալիա | Թիմերի կազմերը

Ֆաբրեգաս

01.07.2012 20:12

Կարծես երեկ էր մեկնարկել Եվրո-2012-ը, իսկ այսօր արդեն մնացել է մեկ հանդիպում: Բայց մնացել է ամենակարևորը, գլխավորը, վճռորոշը: Իսպանիա – Իտալիա: Երկու հսկաների հանդիպում, որը անտարբեր չի թողնի ֆուտբոլին քիչ թե շատ առնչվող որևէ մեկին: Կարելի է մի ամբողջ վեպ գրել այս երկու թիմերի, նրանց խաղացողների, պատմության, այս մրցաշարում նրանց անցած ճանապարհի մասին:

Անկասկած, մրցաշարի երկու ուժեղագույն թիմերն են: Խաղամակարդակով, խաղային փիլիսոփայությամբ, կարգով, մտածելակերպով, կազմակերպվածությամբ այս թիմերը հավասարը չունեին իրենց: Երբ այս թիմերը հանդիպեցին խմբային փուլում, այդ խաղի մասին մեր մեկնաբանության վերնագիրն էր Եզրափակիչին արժանի խաղ: Այդ հանդիպումն առայժմ լավագույնն է մրցաշարում: Փաստորեն, այդ խաղը եզրափակիչ հանդիպման նախերգանքն էր:

Այդ նախերգանքից հետո թիմերը տարբեր ճանապարհներ անցան, որպեսզի նորից հանդիպեն գլխավոր խաղում: Իսպանացիները իտալացիների հետ ծանր և բարդ խաղից հետո, որը թերևս նրանց լավագույն հանդիպումն էր, խնդիրներ չունեցան իռլանդացիների հետ, մեծ դժվարություններ ունեցան Խորվաթիայի հետ, հետո նորից դժվարություններ չունեցան Ֆրանսիայի հետ քառորդ եզրափակիչում, հետո ունեցան պորտուգալացիների հետ կիսաեզրափակիչում… այնպիսի տպավորություն է, թե իսպանացիները մեկ ընդ մեջ են ցույց տալիս իրենց իրական ներուժը: Այս տրամաբանությամբ, նրանք իտալացիների հետ խաղում պետք է ցուցադրեն այն ամենը, ինչին ընդունակ են:

Շատ են քննադատում Իսպանիային այս մրցաշարում: Դժգոհում են նրանց միապաղաղ խաղից, անվերջ փոխանցումներից, առջևի գծում տարօրինակ փոփոխություններից, առանց հարձակվողի խաղալու մարտավարությունից: Բայց արդյունքը կա և այն տպավորիչ է` 5 հանդիպում, 3 հաղթանակ, երկու ոչ-ոքի, գնդակների 8-1 հարաբերակցություն: Սա մրցաշարի ֆավորիտին վայել ցուցանիշ չէ՞:

Իտալացիները առաջին խաղից հետո դժվար ոչ-ոքի արեցին դժվար խորվաթների հետ, վերջին խաղում սպասում էին իսպանա-խորվաթական արդյունավետ ոչ-ոքիի դավադրությանը, բայց այն չկայացավ, որովհետև իսպանացիների և խորվաթների համար պատվից ցածր էր նման կերպ ավարտել հանդիպումը: Անգլիացիներին իտալացիները արժանիորեն հաղթեցին, և իհարկե, Գերմանիայի հետ հանդիպումը, որը արվեստի իսկական նմուշ էր, իտալացիների գլուխգործոցը: Կարելի է անընդհատ դիտել այդ հանդիպումը և հաճույք ստանալ Պրանդելիի խաղացողների վիրտուոզ խաղից: Ինչպես որ կարելի է հաճույք ստանալ Իտալիայի հավաքականի երգչախմբից` խաղից առաջ երկրի հիմնը կատարելիս: Միայն այս ակապելայի կրակոտ և հոգեցունց կատարման համար արժեր նման թիմին տեսնել եզրափակիչում:

Մի փոքր վիճակագրություն. Առ այսօր այս թիմերը հանդիպել են 31 անգամ. 9 անգամ հաղթել են իսպանացիները, 10 անգամ` իտալացիները, եւս 12 հանդիպում ավարտվել է ոչ-ոքի: Գնդակների հարաբերակցությունը` 39-30 հօգուտ Իտալիայի:

                                                      

ОК