Իսպանիա - Ֆրանսիա | Թիմերի կազմերը -FCBarca.am FAN SITE IN ARMENIA
FCB

FC Barcelona

Իսպանիա - Ֆրանսիա | Թիմերի կազմերը

Ֆաբրեգաս

23.06.2012 17:41

Այսօր, հունիսի 23-ին կկայանա Եվրո-2012-ի քառորդ եզրափակիչ հանդիպումներից երրորդը: Այս մեկին վստահորեն կարելի է շնորհել թոփ կարգավիճակ: Հանդիպում են աշխարհի և Եվրոպայի գործող չեմպիոնն ու աշխարհի  և Եվրոպայի նախկին չեմպիոնը` Իսպանիա – Ֆրանսիա:

Ի տարբերություն նախորդ երկու քառորդ եզրափակիչների, այս խաղում ակնկալվում է երկկողմանի ֆուտբոլ և անկանխատեսելի ընթացք: Իհարկե, ինչպես և Գերմանիան ու Պորտուգալիան նախորդ խաղերում, այստեղ էլ Իսպանիան է համարվում հանդիպման բացահայտ ֆավորիտը, սակայն մրցակիցն էլ համարվում է մրցաշարի թաքնված ֆավորիտներից մեկը: Թիմ, որը մինչև շվեդների հետ գրեթե ոչինչ չորոշող հանդիպումը 23 անպարտելի հանդիպումների շարք էր անցկացրել:

Վերջին տարիներին իսպանական ֆուտբոլը` թե հավաքականների, թե ակումբների մակարդակով գերիշխում էր համաշխարհային ասպարեզում: Նրանց ֆուտբոլը գերում է բոլորին, նրանց կազմում են ֆուտբոլի կախարդները, բոլորը խուսափում են նրանց հետ հանդիպել, նրանք ամենազոր են: Սակայն այս մրցաշարում Իտալիայի և Խորվաթիայի հավաքականները ցույց տվեցին, որ նրանց հետ կարելի է հավասար պայքար մղել, կարելի է դժվար դրության մեջ դնել: Իտալացիները Պիրլոյի հանճարեղ խաղի եւ թիմային բարձր կարգապահության շնորհիվ կարողացան իսպանացիներին տեղ-տեղ գերազանցել և միայն խաղավերջում Իսպանիան պահեստայինների երկար նստարանի շնորհիվ առավելություն ստացավ, չնայած չհաղթեցին: Իսկ խորվաթները հանդիպման գրեթե ամբողջ ընթացքում շատ ավելի մոտ էին հաղթանակին, երկրորդ խաղակեսում համարձակ գրոհում էին, ունեցան գոլային մի քանի հիանալի պահեր եւ միայն Կասիլյասի փայլուն խաղն ու մրցավարների վիճելի որոշումները թույլ չտվեցին խորվաթներին գերանակնկալի հեղինակ դառնալ: Միայն խաղավերջում իսպանացիների թարմ ուժերը` Ինյեստան և Նավասը, կարողացան հակագրոհի արդյունքում գոլ խփել:

Այնպես որ, իսպանացիներն էլ, ինչպես պարզվեց, կարող են սխալներ թույլ տալ, գոլ բաց թողնել, նույնիսկ, պարտվել: Պարզապես, մրցակիցները պետք է մի փոքր ավելի հաջողակ և համարձակ լինեն: Ֆրանսիացիները, կարծես թե համապատասխանում են այս չափանիշներին:

Մյուս կողմից, առայժմ անհասկանալի է Ֆրանսիայի հավաքականի խաղը: Խմբում երեք տրամագծորեն հակառակ հանդիպում անցկացրեց: Անգլիացիների հետ զգույշ, պաշտպանողական, գնդակի վերահսկմամբ: Ուկրաինացիների հետ համարձակ, վստահ, թիմային գերազանց խաղ, գնդակի տոտալ վերահսկում, բազմաթիվ սուր գոլային պահեր, գեղեցիկ կոմբինացիաներ: Շվեդների հետ անկազմակերպ, իներտ, բազմաթիվ սխալներով, թույլ պաշտպանությամբ, գրոհների բացակայությամբ: Հիմա սրանցից ո՞րն էր իսկական Ֆրանսիան: Հույս ունենք, որ դա Ուկրաինայի հետ խաղ անցկացրած թիմն է: Միայն այդ Ֆրանսիան կարող է պայքար մղել իսպանացիների հետ, մնացած դեպքերում պարզապես դատապարտված են: Միգուցե սա Բլանի մարտավարությո՞ւնն էր, խորամանկ քայլը, բթացնո՞ւմ է իսպանացիների զգոնությունը, չէր ցանկանում  ցույց տալ իր թիմի ողջ ներո՞ւժը: Տեսնենք:

Այս թիմերը հանդիպել են 30 անգամ: Առավելությունը իսպանացիների կողմն է` +13, =6, -11: Իսկ ահա պաշտոնական հանդիպումների պատմությունը իսպանացիների համար շատ տհաճ է. նրանք երբևիցե ֆրանսիացիներին չեն հաղթել, 6 հանդիպումներից ընդամենը մեկում են ոչ-ոքի խաղացել, մյունսերում պարտվել են: Վերջին պաշտոնական հանդիպումը տեղի է ունեցել 2006թ. աշխարհի առաջնությունում, երբ ֆրանսիացիները անզուգական Զիդանի գլխավորությամբ 1/8 եզրափակիչում 3:1 հաշվով հաղթեցին համաշխարհային ֆուտբոլում նոր-նոր թափ հավաքող իսպանացիներին: Դրանից հետո շաջ ջրեր են հոսել. ֆրանսիացիները կորցրեցին ֆուտբոլային գերտերության կարգավիճակը, իսպանացիները այն ձեռք բերեցին: Այնպես որ, այսօր իսպանացիները այդ տխուր ավանդույթը կարող են խախտել:


                                                  

ОК