Ֆուտբոլի Իսպանիայի առաջնության 11-րդ տուրում մրցաշարային աղյուսակը գլխավորող Բարսելոնան մրցակցի խաղադաշտում 4:2 հաշվով առավելության հասավ Մալյորկայի նկատմամբ:
Առաջին խաղակեսում կատալոնացիները երեք գնդակ ուղարկեցին դաշտի տերերի դարպասը՝ գործնականում լուծելով խաղի ելքը: 28-րդ րոպեին Չավին բացեց հաշիվը, 44-ին Մեսսին կրկնապատկեց այն, իսկ մեկ րոպե անց Կրիստիան Տելյոն խփեց հյուրերի երրորդ գնդակը:
Ընդմիջումից հետո Մալյորկան անսպասելիորեն կրճատեց հաշվի տարբերությունը: 55-րդ րոպեին ֆրանսիացի կիսապաշտպան Միկայել Պերեյրան խփեց դաշտի տերերի առաջին գոլը, իսկ երեք րոպե անց իսպանացի հարձակվող Վիկտոր Կասադեսուսը երկրորդ գնդակն ուղարկեց Բարսելոնայի դարպասը: Սակայն 70-րդ րոպեին հյուրերը դարձյալ վերականգնեցին երկու գնդակի առավելությունը: Մեսին դարձավ դուբլի հեղինակ՝ ձևակերպելով խաղի վերջնական հաշիվը:
Պրիմերայի լավագույն ռմբարկու Լիոնել Մեսսին իր գոլերի քանակը հասցրեց 15-ի, իսկ Բարսելոնան 31 միավորով ամրապնդվեց առաջին տեղում: Մալյորկան 11 միավորով 15-րդն է: