FCB

FC Barcelona

Անգլիա - Իտալիա | Թիմերի կազմերը

Ֆաբրեգաս

24.06.2012 20:46

Եվս մեկ թոփ կարգավիճակով քառորդ եզրափակիչ հանդիպում: Սակայն այս մեկը նախորդ հանդիպումներից տարբերվում է նրանով, որ ֆավորիտ չունի: Բացարձակապես հավասար են գնահատվում կողմերի հնարավորությունները: Կապ չունի, որ Անգլիան իր խմբում 1-ին տեղն է գրավել, իսկ Իտալիա` 2-րդ: Թե բուքմեյքերական գրասենյակները, թե ֆուտբոլային մասնագետները դժվարանում են այս խաղում նախապատվությունը տալ կողմերից մեկին: Իսկ դա նշանակում է, որ սպասվում է ծանր եւ բարդ հանդիպում:

Երկու թիմերն էլ լավ տրամադրությամբ են մոտենում խաղին: Երկուսն էլ բավական բարդ խմբերից դուրս եկան: Իտալացիները առաջին խաղում իսպանացիների հետ գերազանց հանդիպում անցկացրեցին, այդ հանդիպումը թերևս այս մրցաշարի առայժմ լավագույն հանդիպումն է` խաղի որակի, տակտիկական սխեմաների բազմազանության և սյուժեի առումով: Այդ դիմակայությունում հատկապես տպավորիչ էր Անդրեա Պիրլոյի խաղը, որը դաշտի կենտրոնում հավասար պայքար մղեց Չավիի հետ, թիմի շարժիչն էր և բոլոր գրոհներին սրություն հաղորդողը: Խորվաթների հետ հանդիպումը նույնպես ծանր և հետաքրքիր ստացվեց, որտեղ երկու կողմն էլ հավասար պայքարում կիսեցին միավորները: Իսկ իռլանդացիների հետ խաղում իտալացիները հեշտությամբ հաղթանակ տարան:

Անգլիացիների ճամբարում մրցաշարից առաջ ամեն ինչ հարթ չէր: Նորանշանակ մարզիչ, մի շարք սկանդալներ` կապված առաջին հերթին կազմի ընտրության և Ռիո Ֆերդինանդին Եվրո չտանելու հետ: Գումարած այդ ամենին առաջին երկու խաղերում չէր խաղալու որակազրկված Ռունին: Վնասվածքների պատճառով շարքից դուրս եկան Լեմպարդն ու Կեհիլը: Մշուշոտ էր անգլիացիների ապագան, բայց ի պատիվ Հոջսոնի, նա կարողացավ նշանակվելուց հետո կարճ ժամանակահատվածում փակել թիմում առկա բոլոր ճեղքերը, կարգուկանոն հաստատել, և մի շարք խաղային լուծումներ կիրառել մրցակիցների հետ խաղերում:

Թերևս ֆրանսիացիների հետ առաջին հանդիպումն էր, որ ճնշող տպավորություն թողեց: Անգլիացիները այդ խաղում կենտրոնացած էին բացառապես պաշտպանական գործառույթների վրա` շեշտը դնելով հակագրոհների և ստանդարտ իրավիճակների վրա: Եվ քանի որ այդ տակտիկան աշխատեց, այսինքն անհրաժեշտ միավորը ձեռք բերվեց, նշանակում է, որ Հոջսոնի համար կարևորը հաջորդ երկու հանդիպումներն էին: Շվեդիայի հետ հանդիպումը դիտարժան ստացվեց, ըստ էության նորից ընտրվել էր զգույշ, պաշտպանողական ֆուտբոլը, մինչեւ որ շվեդները հաշվի մեջ առաջ չանցան, ինչը կարող էր ճակատագրական լինել անգլիացիների համար: Այստեղ առաջին անգամ Հոջսոնը ուժեղացրեց հարձակման գիծը եւ դա տվեց ցանկալի արդյունքը: Խաղադաշտ մտած  Ուոլքոթի շնորհիվ անգլիացիները հաղթանակ տարան:

Վերջին խաղում` ուկրաինացիների հետ, անգլիացիներին ձեռնտու էր նաեւ ոչ ոքին: Եվ չնայած վերջապես խաղադաշտում էր Ուեյն Ռունին, նորից հիմնական մարտավարությունը խորը պաշպանությունն էր` արագ հակագրոհներով: Եվ սա նորից տվեց իր արդյունքը, ընդ որում աչքի ընկավ Ռունին:

Երեք խաղերի հանրագումարով կարելի է ասել, որ Հոջսոնին հաջողվել է մարտական թիմ ստեղծել, գրագետ, խաղից խաղ ավելի վստահ հանդես եկող: Անհրաժեշտության դեպքում անգլիացիները կարողանում են ուժեղացնել ճնշումը մրցակցի վրա: Նրանց գրոհները բավական մեծ արագությամբ` մեկ-երկու փոխանցումներով է զարգանում: Խիստ վտանգավոր են ստանդարտ վիճակներն իրացնելիս:

Ընդհանրապես, Իտալիայի եւ Անգլայի խաղը բավական նման են իրար: Երկուսն էլ գերադասում են խաղալ խորքից, պաշտպանությանն ավելի մեծ ուժեր են հատկացնում, երկուսն էլ արագ են հակագրոհում: Երկուսն էլ ունեն համաշխարհային կարգի դարպասապահներ: Եվ վերջապես, երկուսն էլ ունեն ընդգծված առաջատարներ, որոնք գրեթե նույն ոճով են խաղում` Պիրլոն եւ Ջերարդը: Միանշանակ, առայժմ լավագույնները իրենց թիմերում: Նրանց միկրոմենամարտը խոստանում է էսթետիկական հաճույք պատճառել բարձրակարգ ֆուտբոլի սիրահարներին: Հնարավոր է, հենց այս դիմակայությունն էլ կանխորոշի հանդիպման ելքը:

Թիմերն անցկացրել են 22 հանդիպում: Մի փոքր առավելություն ունեն իտալացիները` +9 =6 -7: Վերջին ամենահիշարժան հանդիպումը նրանց միջև կայացել է 1990 թվականի աշխարհի առաջնությունում, որտեղ 3-րդ տեղի համար պայքարում իտալացիները 2:1 հաշվով հաղթեցին անգլիացիներին, որոնց հավաքականը թերևս ամենաուժեղն էր 1966-ից հետո: Իսկ ընդհանրապես վերջին անգամ այս թիմերը հանդիպել են 10 տարի առաջ:

                                            

ОК